Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում առաջընթաց չի եղել: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ մասի, Մոսկվայից Բաքու ժամանելուն պես, հայտնել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Նա ասել է, որ բանակցությունները տեւել են ժամուկես, սակայն կողմերի դիրքորոշումներում փոփոխություններ չլինելու պատճառով, հանդիպումն արդյունքներ չի տվել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, Ալիեւն ասել է, որ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ եւս նշել է, որ Մոսկվան չի կարող ճնշում գործադրել որեւէ կողմի վրա, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն իրենք պետք է պայմանավորվեն: Նրա խոսքերով` այդ հարցում համակարծիք են եւ մյուս համանախագահները: Ալիեւը ափսոսանք հայտնեց նաեւ, որ ԱՊՀ երկրների ղեկավարները «չեն ցանկանում նկատել հայերի ագրեսիան եւ անջատվողականությունը»: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում վերջին ժամանակներս հնչող պատերազի վերսկսման կոչերին, Ալիեւն ասաց, որ լսում է այդ կոչերը, սակայն նա «չի կարող փակել մարդկանց բերանը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: