Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի երկկողմ հանդիպումը Մոսկվայում այդպես էլ չկայացավ: Փոխարենը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը քննարկվեց եռակողմ ֆորմատով, որում մասնակցեց նաեւ Ռուսաստանի նախագահը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի խոսքերով` Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը դիմել են Վլադիմիր Պուտինին` խնդրելով նրան աշխուժացնել Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: Մեկնաբանելով եռակողմ զրույցի արդյունքները` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վիլայաթ Գուլիեւը հայտնել է, որ «բանակցությունների ընթացքում ոչ մի առաջընթաց չի եղել»: ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Մոսկվայում կայացել է նաեւ, այսպես կոչված «կովկասյան քառյակի»` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Բացի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից, զրույցի ընթացքում շոշափվել են նաեւ միջազգային ահաբեկության դեմ պայքարին վերաբերով հարցեր: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Բելոռուսի նախագահին, որի հետ քննարկել է հոկտեմբերին Ալեքսանդր Լուկաշենկոյի Երեւան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: