«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ընկերակցող անդամ է դարձել 2008 թ. եւ ուզում է դառնալ ՖՄԿ լիիրավ անդամ: Մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», – մարտի 19-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի ֆրանկոֆոնիայի հարցով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ամեն տարի ավելանում է ֆրանկոֆոնիայի հանդեպ հետաքրքրությունը, ավելի շատ թվով դպրոցներ են շահագրգռվածություն ցուցաբերում ֆրանսերեն լեզվի ուսուցման հարցում: Ներկայում մշակվում է միջոցառումների ծրագիր:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն, իր հերթին նշել է, որ Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրերն» անցկացվելու են Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի, Բելգիայի, Ռումինիայի, Կանադայի, ընդհանուր թվով` 14 երկիր: Ծրագրված մոտ 30 միջոցառումները տեղի կունենան ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մյուս շրջաններում, այդ թվում` Արմավիր, Գորիս եւ Արթիկ քաղաքներում: Իսկ մարտի 20-ին հայ էստրադայի արտիստների կատարմամբ տեղի կունենա գալա համերգ:
Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրերը» կազմակերպվում է ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը» ստեղծվել է 1970 թ. մարտի 20-ին, Նիգերիայի մայրաքաղաքում: Կազմակերպությունը ներկայացված է հինգ մայրցամաքներում: Նպատակը ֆրանսերեն լեզվի տարածումն է եւ տարբեր մշակույթների պահպանությունը: