«Մի քանի օր առաջ «Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ կառավարությանը առաջարկություն է ներկայացրելՀամաշխարհային երկրորդ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Հայաստանի 3926 վետերաններին նրանց ավանդները արտահերթ վճարելու մասին: Այս առաջարկությունը հավանության է արժանացրել ՀՀ կառավարությունը, ասել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ՀՀ ԱԺ-ում Հովհաննես Մարգարյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Հովհաննես Մարգարյանն իր հերթին ասել է, որ գազի գների բարձրացման հետ կապված «Օրինաց երկիրը» կառավարությանն է դիմել` բացատրություն պահանջելով, թե ինչպես եւ ինչ ժամկետներում պետք է նպաստներ տրվեն Հայաստանի սոցիալապես անապահով խավին:
Հ. Բիշարյանը նաեւ իր զարմանքն է հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարության առիթով, որով սպառնում էր վտարել Թուրքիայում ապրող հայերին: «Այդպիսի հայտարարությունները մեզ անհանգստացնում են եւ յուրաքանչյուր խելամիտ մարդու համար անընդունելի»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտաքսելու է Հայաստանից Թուրքիա մեկնած 100.000 հայերին: «Իմ երկրում ապրում է 17.000 հայ, որոնցից 70.000-ը Թուրքիայի քաղաքացիներ են», – ասել է նա: «Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100.000-ին կասեմ, որ լքեն մեր երկիրը: Ես այդ կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել», – ասել է Էրդողանը:
Այս հայտարարության առիթը մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումն էր:






