Երեւանի Թեքեյան կենտրոնում մարտի 22-ին տեղի կունենա Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկո-ակումբների սաները:
Կցուցադրվի Նորատուսի էկո-ակումբի նկարահանած «Ջրի ճամփան» 20 րոպե տեւողությամբ ֆիլմը նաեւ դպրոցականների` «Ջուրը երեխաների աչքերով» խորագրով գունանկարները եւ «Արեւորդի» փառատոնի շրջանակում կազմակերպված «Մեր առաջին տարրը` կովկասյան ջուր» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթից ընտրված լուսանկարները:
Կլոր սեղանը կազմակերպում են «Ազգային ջրային համագործակցություն», «Կայուն ջրային միջավայր», «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերությունը եւ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:
Երեւանի էկո-ակումբի սաներն այդ օրը կմասնակցեն նաեւ «Երեւան Ջուր» ընկերության նախաձեռնած այցելությանը Կաթնաղբյուր` ծանոթանալու ջրարտադրման եւ ջրամատակարարման գաղտնիքներին:
1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր եւ զարգացում» կոնֆերանսում որոշում ընդունվեց մարտի 22-ը սահմանել որպես Ջրի համաշխարհային օր: Եվ արդեն հաջորդ տարի` 1993 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որեւէ հրատապ խնդրի: 2007 թվականը կրում էր «Պայքար ընդդեմ ջրի սակավության» խորագիրը, 2008 թվականը հռչակվեց «Սանիտարիայի տարի», իսկ 2009 թվականը` անդրսահմանային ջրային ռեսուրսների տարի` կրելով «Ընդհանուր ջրեր` ընդհանուր հնարավորություններ» խորագիրը: Այս տարի Ջրի համաշխարհային օրվա թեման է ջրի որակը` «Մաքուր ջուր` առողջ աշխարհի համար» կարգախոսով: