AM
22 March 2010 - 10:24 AMT

ՀՀ առողջապահության նախարարություն. Հայաստանի ջրամատակարարման համակարգը չափազանց վատ վիճակում է

Հայաստանի ջրամատակարարման համակարգը չափազանց վատ վիճակում է: Այդ մասին Ջրի համաշխարհային օրվան նվիրված Երեւանում ընթացող «Մաքուր ջուր աշխարհի առողջության համար» կլոր սեղանի ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աիդա Պետիկյանը: «Այս պահի դրությամբ ամենամեծ խնդիրը երկրի ջրամատակարարման ողջ ցանցը փոխելն է»,-ասել է նա:

Ըստ նրա, մեկ այլ խնդիր է բնակչության կողմից ապօրինի ջրագծերի անցկացումը, որի արդյունքում խախտվում են շինարարական նորմերը: Բացի այդ, մոտ 560 գյուղերում ջրամատակարարումն իրականացնում են գյուղական համայնքները, որոնք չունեն անհրաժեշտ տեխիկա եւ մասնագետներ:

Գլոբալ ջրային գործընկերության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը հավելել է, որ ողջ աշխարհում շուրջ 1,1 մլրդ մարդ (կամ բնակչության 17 տոկոսը) զրկված է էկոլոգիապես մաքուր ջրից, իսկ շուրջ 2,6 մլրդ մարդ (40 տոկոսը) զրկված են անհրաժեշտ ջրամաքրման ծառայությունից եւ տարրական սանիտարական պայմաններից:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպոիթյան տվյալների, տարեկան շուրջ 4 մլրդ մարդ տառապում է աղիքային հիվանդություններից եւ միլիոնավոր այլ հիվանդություններից, կապված ջրի վատ որակի կամ պակասի հետ: Աշխարհում ամեն տարի շուրջ 3,1 մլն մարդ, որոնց 90 տոկոսը մինչեւ 5 տարեկան երեխաներ են, մահանում է ջրի վատ որակի պատճառով տարածվող հիվանդություններից:

Ջրի որակին վերաբերող խնդիրները կարգավորվում են մի շարք համաձայնագրերով, օրինակ, UNECE-ի Անդրսահմանային ջրահոսքերի ու միջազգային լճերի օգտագործման եւ պահպանման կոնվենցիան:

Քաղցրահամ ջրի ծավալների պահպանման եւ որակի բարելավման հետ կապված խնդիրների լուծման համար 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրն ու զարգացումը խորհրդաժողովում որոշվեց սահմանել ջրի օր, եւ արդեն փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: