AM
22 March 2010 - 13:46 AMT

2010-ին վերապատրաստվելու են գազի բնագավառում աշխատող 916 մասնագետներ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում գործող Ուսումնատեխնիկական կենտրոնում շարունակվում են պարբերաբար կազմակերպվող դասընթացները` գազի բնագավառում աշխատող մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակով: 2010 թվականին նախատեսվում է իրականացնել մասնագիտական կադրերի ուսուցում եւ վերապատրաստում ընդհանուր թվով 916 աշխատակցի համար, այդ թվում 720-ը՝
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ աշխատակիցներ, 106՝ այլ կազմակերպություններից եւ 90-ը՝ անհատական ուսուցման ծրագրով:

Ուսումնատեխնիկական կենտրոնի կողմից ընթացիկ տարում նախատեսվում է կազմել եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաստատմանը ներկայացնել թվով 3 թեմատիկ պլաններ եւ ծրագրեր, տպագրության հանձնել «Հեղուկացված նավթային գազերի օգտագործումը գազաբալոնային ավտոմեքենաներում» եւ «Մայրուղային գազատարների շահագործում» մեթոդական ուղեցույցները, ինչպես նաեւ մշակել «Գազով աշխատող ջրատաքացուցիչ կաթսաների շահագործում» եւ «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» մեթոդական ուղեցույցները։ 2009թ-ին կենտրոնում ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 719 մասնագետ եւ վերապատրաստվել 121-ը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ուսուցումն իրականացվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի ընկերությունների եւ մասնաճյուղերի, տարբեր կազմակերպությունների եւ ձեռնարկությունների գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական աշխատողների ու բանվորական անձնակազմերի, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի, առանձնատների ու օբյեկտների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող, ավտոգազալցավորման ճնշակային կայանները շահագործող, սեղմված բնական գազով աշխատող ավտոմեքենաները շահագործող եւ այլ անձնակազմերի համար:

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ:

Տեղական բնակչությանը գազի մատակարարման իրականացումն արտակարգ իրավիճակների դեպքում առանց սահմանափակումների ապահովվում է «ՀայՌուսգազարդի» Աբովյանի ստորգետնյա գազի պահեստի հաշվին: