Բաքվի «քաղաքագետ» Ռովշան Նովրուզօղլուն հրապարակել է նոր «աշխատություն», որը կոչված է ապացուցել, որ հայերը Ուսամա բեն Լադենին օգնել են միջուկային զենք ստանալ: Գլխավոր փաստարկը, ի օգուտ ցնորական վարկածի, որ հայերը կապված են «Ալ Կաիդա» կազմակերպության հետ, այն է, որ 80-ական թվականներին Դուբնա քաղաքի գիտական կենտրոնից Աֆղանստան ժամանած ֆիզիկոսների խմբում աշխատել են նաեւ հայեր: «Դուբնայում աշխատող 48 մասնագետներից 27-ը` հայեր էին»,- գրում է Նովրուզօղլուն, համարելով, որ դա բավական է ենթադրելու, որ հատկապես հայերն են օգնել համար մեկ ահաբեկչին միջուկային զենք ստեղծել: Այն, որ Հայաստանում միջուկային ֆիզիկան լավ զարգացած է, հայտնի է բոլորին, սակայն միայն Բաքվի քաղաքագետներն են դրանում հիմք տեսնում եզրակացնելու, որ հայերը կապված են բեն Լադենը հետ: Սակայն Նովրուզօղլուն այլ փաստարկներ եւս ունի: Օրինակ` «Նույն թվերին հայ մասնագետներն իրենց չինացի գործընկերների հետ Ղանդաղարում մասնակցել են ցեմենտի գործարանի շինարարությանը, ինչպես նաեւ գազի հանքավայրերի հետախուզմանը` Ջալալաբադում, Բամիայում եւ Ղունդուզում»: «Քաղաքագետը» չինացիներին ոչնչում չի մեղադրում, իսկ հայերին մեղադրում է նրանում, որ նրանք, իբրեւ թե, Աֆղանստանում մասնակցում էին ինչպես միջուկային զենքի մշակմամբ, այնպես էլ արտադրությամբ: (Ի դեպ, հայտնի է, որ Աֆղանստանում, խորհրդային զինվորական ներկայության տարիներին, աշխատել են նաեւ ադրբեջանցիներ, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, մոլդավացիներ…) Որպեսզի վարկածը ավելի ճշմարտացի հնչի, «աշխատության» հեղինակը ավելի կոնկրետ տվյալներ է բերում «Ալ Կաիդայում» աշխատող Հայաստանի քաղաքացիների մասին: Հիշատակվում է, մասնավորապես, ոմն Սանթրոսյանի մասին, որը բնակվում է Երեւանում` Մանուկյան փողոց, տուն 1 հասեով: Այդպիսի փողոց Երեւանում իրոք կա: Սակայն համար մեկ տունը երբեք չի եղել բնակելի: Անցյալում այնտեղ եղել է գրքի խանութ, իսկ այժմ` հանրախանութ: Սրան ավելացնելու ոչինչ չունենք…
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: