2010 թվականը մեկնարկային է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, քանի որ այս տարվանից մենք սկսում ենք նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, թանգարանն արդեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը Հայաստանի իշխանություններին:
Միջոցառումների ընթացքում Դեմոյանը հրապարակել է նաեւ այն միջոցառումների ցանկը, որոնք թանգարանը պատրաստվում է անցկացնել Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 19-20 Երեւանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով, որտեղ առաջին օրը նվիրված կլինի Ցեղասպանության խնդիրներին, իսկ երկրորդը` մշակութային ցեղասպանության հարցին»,-ասել է Դեմոյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ապրիլի 22-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը թերթերի առաջին էջերում» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն այն թերթրի օրիգինալ նմուշները, որոնք հրատարակվել են այլ պետություններում, որոնց առաջին էջերում նյութեր են եղել Հայոց ցեղասպանության մասին: Ըստ նրա, կներկայացվի շուրջ 60 նյութ: Ընդ որում, նա նշել է, որ բոլոր այդ նյութերը հավաքվել են վերջին տարում տարբեր աճուրդների ժամանակ:
«Ապրիլի 23-ին թանգարանի սրահներից մեկը կազատվի եւ այնտեղ կցուցադրվեն բացառիկ նյութեր, որոնք հավաքվել են վերջին տարում»,-ասել է Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրենը հաղորդել է նաեւ, որ իր պատմության մեջ առաջին անգամ թանգարանը մտադիր է Ռաֆայել Լեմկինի անվան դրամաշնորհ հատկացնել (ցեղասպանություն տերմինը 1943թ. շրջանառության մեջ դրեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը) օտարերկրացի ուսանողներին, որոնք ցանկանում են մասնագիտանալ հայագիտության մեջ Հայոց ցեղասպանության թեմայով:
Ընդ որում Դեմոյանն ասել է, որ թանգարանը գրեթե արդեն ավարտել է 2011թ. իր ծրագիրը, նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ըստ նրա, հաջորդ տարի թանգարանը մտադիր է միջազգային խորհրդաժողով կազմակերպել` «Սկանդինավյան երկրների արձագանքը Հայոց ցեղասպանությանը» թեմայով:
Նա նաեւ հաղորդել է, որ թանգարանը աշխատում է նաեւ շենքի ընդլայնման խոշոր ծրագրի, ինչպես նաեւ նոր ցուցադրության կազմակերպման վրա:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:






