«Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպել է միջոցառումների շարք` նվիրված կրկեսի հանրահայտ դերասան եւ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին: Միջոցառումների շարքը բացվելու է մարտի 27-ին, Հայաստանի Ազգային Ժողովի այգում` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի եւ Երեւանի պետական կրկեսի արտիստների մասնակցությամբ», – հաղորդել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը` մարտի 25-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքերի համաձայն, 20-րդ դարի լեգենդ, յուրահատուկ տաղանդի տեր արտիստին նվիրված միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարի: Մայիսի 15-ին Հայաստանի պետկրկեսում կազմակերպվելու է հոբելյանական երեկո եւ կրկեսային ծրագիր` «Ժպտացե’ք, մարդիկ» խորագրով:
Հուլիսին գրականության եւ արվեստի թանգարանում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի արտիստների մասնակցությամբ կներկայացվեն «Ենգիբարյանական էտյուդներ», կազմակերպվելու է ցուցահանդես եւ անցկացվելու է Լ. Ենգիբարյանին նվիրված ակցիա:
Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձոր առողջարանային քաղաքում մեկնարկելու է մնջախաղի փառատոն, որն այսօրվանից կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը:
Հոկտեմբերին տեղի կունենա Լ. Ենգիբարյանի «Վերջին ռաունդ» գրքի շնորհանդեսը:
«ՀՀ մշակույթի նախարարությունը միջոցառումների շարք է նվիրում մի արտիստի, ով կարողացել է մտածել մնջախաղի լեզվով եւ լռությամբ խոսել մարդկանց հետ», – խոսքը եզրափակել է Սոնա Հարությունյանը:
.