Մարտի 28-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Նելսոն Ստեփանյան» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի ռեժիսորը Արշակ Մարգարյանն է: Ֆիլմը նվիրված է Խորհրդային Միության հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին եւ պատմում է նրա կյանքի ու անմահ հերոսության մասին:
«Ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան ցուցադրվել է 2009 թ., ՀՀ պաշտպանության նախարարության դահլիճում, իսկ հեռուստատեսային պրեմիերան ցուցադրվել է 2009 թ. հունվարին: Մարտի 28-ին կներկայացվի ֆիլմի ռուսերեն տարբերակը», – PanARMENIAN.Net – թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ռեժիսոր Արշակ Մարգարյանը:
Ֆիլմում օգտագործվել է Հայրենական պատերազմի փաստագրական խրոնիկա:
Ֆիլմը ստեղծվել է հրապարակախոս Զորի Բալայանի փաստագրական վեպի հիման վրա եւ նվիրվում է Մեծ հաղթանակի 65-ամյակին:
Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թ. մարտի 28-ին Շուշիում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվում են Երեւան: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում եւ 1935թ-ին ավարտում է Բատայսկի քաղաքացիական ավիացիայի օդաչուական դպրոցը: Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը քաղաքացիական ինքնաթիռներով բազում թռիչքներ է կատարել: Ռազմաճակատում Նելսոն Ստեփանյանը նշանակվում է Սեւծովյան ծովային ավիացիայի կազմում, որպես գրոհիչ ինքնաթիռի օդաչու` կարճ ժամանակում յուրացնելով եւ նոր տեխնիկան, եւ ռազմական օդաչուի մասնագիտության նրբությունները: Մինչեւ 1941թ. օգոստոսը թռիչքներից մեկի ժամանակ վիրավորվում է, հետո հոսպիտալում ապաքինվեում ու գործուղվեում է Բալթյան նավատորմի 57-րդ գրոհիչ ավիագունդ (ԳԱԳ), որը պաշտպանում էր Լենինգրադը: Այստեղ կատարելով մի քանի տասնյակ մարտական թռիչք` ոչնչացրեց գերմանական բազում նշանակետեր, նշանակվեց օղակի հրամանատար: 1942թ. հոկտեմբերի 23-ին կրտսեր լեյտենանտ Ն. Ստեփանյանին շնորհվեց հերոսի կոչում: Մեկ ամիս հետո արդեն էսկադրիլիայի հրամանատար էր:
1944թ. դեկտեմբերի սկզբից 11-րդ ԳԱԴ-ի առջեւ, որի կազմում էր նաեւ 47-րդ ԳԱԳ-ը, խնդիր էր դրվել հարվածներ հասցնել Լիբավա քաղաքի նավակայանին: Դիվիզիայի առաջին հարվածը պետք է իրականացնեին 24 գրոհիչներ 22 կործանիչների ուղեկցությամբ: Դեկտեմբերի 14-ին օդ բարձրանալով` խումբը մոտենում էր նշանակետին, երբ հանկարծակի հակառակորդի չորս կործանիչներ հարձակվում են խմբի առաջատարի` գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի գրոհիչի վրա: Հենց առաջին գրոհով գերմանացիները խոցում են առաջատարի ինքնաթիռը, որը սրընթաց ընկնում է: Սակայն հայկազունը դժվարությամբ ուղղելով ընկնող ինքնաթիռը, կողմնորոշվում է, գտնում է ներք-ում եր-ացող հակառակորդի մի նավակ ու գրոհում նրա ուղղությամբ: