Ադրբեջանը մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել Սուխումիի իշխանությունների հետ` ադրբեջանական վարձկաններին Բաքվին փոխանցելու հարցը լուծելու համար: Նրանք ձերբակալվել են Ռուսլան Գիլաեւի կողմից վերջերս Աբխազիայում իրականացված գործողությունների ընթացքում: Երեկ Աբխազիայի վարչապետ Անրի Ջերգենիան հայտարարել է, որ աբխազական զինված ուժերը գերության մեջ են պահում հրոսակախմբի 10 անդամի, որոնց թվում կա մի քանի ադրբեջանցի: Չճանաչված հանրապետության կառավարության ղեկավարը ընդգծել է, որ հանցագործներին սպասում է ամբաստանյալի աթոռը, իսկ նրանցից ոմանց, ըստ ամենայնի, նաեւ` մահապատիժ: Աբխազիայի նախագահի օգնական Ասթամուր Թանիայի տեղեկատվության համաձայն` սպանված գրոհայինների թվում նույնպես կային ադրբեջանական վարձկաններ: Մեկը ծնվել էր Վրաստանի Մառնեուլիի շրջանում, իսկ երկրորդը Ադրբեջանի քաղաքացի էր: Վերջինիս դիակը փոխանցվել է Բաքվից ժամանած հարազատներին:
Ադրբեջանական վարձկանները արյան վրա վաստակում են ոչ միայն Աբխազիայում: Բաքվում շարունակվում է փողով ռուսական դաշնային զորքերի դեմ Չեչնիայում կռվող երկրի 12 քաղաքացիների գործով դատավարությունը: Վերջերս Բաքվում բացահայտվել է իսլամական ծայրահեղականների հերթական խմբավորումը, որի երկու անդամ սույն թվականի հունիսին զոհվել են Չեչնիայում, իսկ եւս մեկը` հոկտեմբերին Աբխազիայում: Հիշեցնենք, որ օրերս հրատարակված` Աֆղանստանում սպանված վարձկանների ցուցակում եղել է մի քանի ադրբեջանցի: Ադրբեջանի մեկ քաղաքացի ձերբակալված է եւ սպասում է դատի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: