Մարտի 17-ին Ռուսական Ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) պատվիրակությունը Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլլի գլխավորությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ:
Պատրիարքը ծաղկեպսակ է դրել հավերժական կրակի մոտ եւ այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: ՌՈՒԵ եւ ՀԱԵ հոգեւոր առաջնորդները Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ են մատուցել:
Կիրիլլ Պատրիարքը «Հիշատակի» պուրակում ծառ է տնկել, ինչպես նաեւ գրություն է թողել Հիշատակի գրքում: «Հավերժ հիշատակ անմեղ սպանված մեր հայ եղբայրներին եւ քույրերին: Աստված պահպանի Հայկական հողը եւ նրա ժողովրդին եւ բոլոր ազգերին տանջանքներից, որոնք ներկայացված են վշտալի հիշատակի այս տեղում»,- գրել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարքը:
Պատվիրակությունը ուղեւորվել է Քանաքեռի ռուսական ուղղափառ եկեղեցի, որից հետո Պատրիարքը Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՌԴ ՊՆ կից դպրոցում: