Ադրբեջանի կառավարությունում անհանգստացած են նավթի համաշխարհային գների կանխատեսված կտրուկ իջեցմամբ: (Ինչպես հայտնի է, չմշակված նավթի արտահանումը ապահովում է առյուծի բաժնի մուտքը Ադրբեջանի պետական գանձարան) Բաքվի ԶԼՄ-ի տրամադրությունից դատելով` իրավիճակը մոտ է խուճապի: Թերթերը գրում են, որ «Ադրբեջանը գտնվում է հերթական տնտեսական ճգնաժամի շեմին» եւ կանխատեսում են, որ երկիրը վերադառնում է 1998 թվականի «սեւ օրերին», երբ Ադրբեջանն ապրում էր աննախադեպ էներգետիկական ճգնաժամ: Չմշակված նավթի համաշխարհային գների կանխատեսվող անկումը կապված է Նավթ արտահանող երկրների կազմակերպության նոր քաղաքականությամբ, որը որպեսզի Ռուսաստանին ստիպի կրճատել նավթի արտահանումը, պատրաստ է տապալել գները մինչեւ տասը դոլար` բարրելի համար եւ նույնիսկ ավելի ցածր: «Գների իջեցումը մեկ բարրելի համար մինչեւ տասը դոլար, ադրբեջանական տնտեսության եւ ողջ ադրբեջանական հասարակության համար կարելի է որակել, որպես աղետ, քանզի բյուջեի հարկային բոլոր պարտավորությունները տապալվում են»,- «Զերկալո» թերթին տված հարցազրույցին հայտնել է նշանավոր տնտեսագետ, պրոֆեսոր Նազիմ Իմանովը: Նրա խոսքերով` այսպիսի իրադրությունում սոցիալական վճարումների հետ կապված լուրջ բարդություններ են ծագում: Փորձագետը հաստատում է, որ եթե Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն իրագործի իր սպառնալիքը, ապա «դա կբերի Ադրբեջանին լիովին սննկացման»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: