Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 56-րդ նստաշրջանի նիստում: Նախարարի խոսքերով` Ղարաբաղի ժողովուրդը ունի իր պատմական հայրենիքում խաղաղ բնակվելու իրավունք, որից այն զրկված էր տասնամյակների ընթացքում: Նա նշել է, որ այդ հարցում արդարությանը հասնելու նպատակը դրված էր Հայաստանի քաղաքականության հիմքում: «Ադրբեջանում հնչող հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու դատարկ կոչերը անընդունելի են տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,- նշել է Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը:
Իր ելույթում Վարդան Օսկանյանը շոշափել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեման: Կոչելով Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել` նախարարը նշել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո շատ երկրներ, մի կողմ թողնելով գաղափարախոսությունը, դիմել են համագործակցության: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կհետեւի նրանց օրինակին` հանուն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման: Օսկանայնի խոսքերով` Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը շարունակում է խոչընդոտ մնալ հայ-թուրքական հարաբերությունների կանոնավորման գործում, սակայն, այդ հարցը կարող է լուծվել երկու պետությունների կառավարությունների միջեւ երկխոսության միջոցով: «Ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը չի ցանկանում, որ իր ողբերգական անցյալն անդրադառնա երկրի ապագայի վրա»,- ասել է նախարարը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: