AM
8 Ապրիլ 2010 - 07:31 AMT

Դիվանագիտական հարթակում Արձանագրությունների վավերացման ժամանակային շրջանակները սպառել են իրենց

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Վաշինգտոնում և ՀՀ նախագահի այցն ամբողջությամբ կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Արտակ Զաքարյանը: “Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ այն կարծիքին, թե ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների Արձանագրությունների վավերացման վերջնաժամկետն է: Ժամանակային սահմանափակումներ դնելը Ճիշտ չէ, քանի որ երկու երկրների ոչ ժողովուրդները, ոչ քաղաքական համակարգը պատրաստ չեն հարաբերությունների կարգավորմանը”,- ասել է Զաքարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է ձախողված համարել միայն այն ժամանակ, երբ կողմերը չեն կարողանա շփման եզրեր գտնել: “Դիվանագիտական հարթությունում Արձանագրությունների վավերացումը սպառել է իրեն, քանի որ Թուրքիան պետք է վավերացներ Արձանագրությունները դրանց ստորագրումից հետո: Բայց հիմա հարցը դիվանագիտական հարթությունից փոխանցվել է քաղաքական դաշտ, և “խելամիտ ժամկետների” մեխանիզմը դեռ աշխատում է”,- ասել է Արտակ Զաքարյանը: