Այսօր ԱՄՆ-ի Սենատի համաձայնեցման հանձնաժողովի եւ Ներկայացուցիչների պալատի նիստում սպասվում է «Ազատությանն աջակցման ակտի» 907-րդ ուղղման ուժը ժամանակավոր կասեցնելու վերջնական որոշման ընդունումը: Հիշեցնենք, որ այդ ուղղումն արգելում է ԱՄՆ-ի կառավարությանը ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին` մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին դիմել կոնգրեսականներին պահանջով` օրինագծում արձանագրել այն կետը, որն արգելում է Ադրբեջանին օգտագործել ամերիկյան ռազմական օգնությունը Լեռնային Ղարաբաղի դեմ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Ազատությանն աջակցման ակտի» 907-րդ ուղղման ուժը կասեցնելու մասին որոշումը, որը կգործի մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 31-ը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: