Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Թաիր Թաղիզադեի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովի այսօրվա նիստում կլսվի նախագահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ տրամադրելու մասին հարցը: Նախկինում այդ հարցը ընդգրկվել էր նոյեմբերի մեկի նիստի օրակարգում, սակայն Սենատի ընդունած օրինագծի քննարկումը հետաձվել էր: Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները ջանում են, որ սենատորների ու ներկայացուցիչների միջեւ փոխզիջման արդյունքում փաստաթղթում ավելի հստակ ձեւակերպվեն նախագահի` Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշման նախապայմանները: Կանոնակարգի համաձայն` համաձայնեցման հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո հարցը պետք է փոխանցվի կոմիտեի ընդհանուր ժողովի քննարկմանը: Դրանից հետո որոշումը վերջնականորեն կհաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից եւ կտրվի նախագահի ստորագրմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: