AM
6 November 2001 - 18:05 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի` եւրոպական կառույցները խոշոր գումար են տրամադրել այն նախագծի իրականացմանը, որի նպատակն է փոստային կապ հաստատել Բաքվում բնակվող` ազգությամբ հայ քաղաքացիների եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նրանց հայրենակիցների միջեւ: Ադրբեջանական հասարակական կազմակերպությունների արձագանքը այս մարդասիրական ծրագրին շատ բնորոշ է նրանց համար: Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլաեւան այդ մտահղացումը համարել է անհեթեթություն, նշելով, որ եթե իր ղեկավարած կազմակերպությանը առաջարկվի մասնակցել նման նախագծի իրականացմանը, ապա նա անպայման կհրաժարվի: Մարդու իրավունքների եւ օրենքի պաշտպանության կենտրոնի տնօրեն Սաիդա Գոջամանլուն նույնպես հայտարարել է, որ այդ նախագիծը չի համապատասխանում իր կազմակերպության սկզբունքներին եւ գաղափարներին: «Ես որպես ժողովրդի ներկայացուցիչ, որի տարածքի մի մասը զավթված է, երբեք չեմ համաձայնվի նման ծրագրերին»,- հայտարարել է նա: Ադրբեջանական կողմի փաստարկները կայանում են նրանում, որ Բաքվի եւ Հայաստանի միջեւ փոստային կապը կարող է օգտագործվել հայկական հատուկ ծառայությունների կողմից հետախուզական տեղեկություններ հաղորդելու համար: Ըստ երեւույթի` Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ղեկավարները տեղյակ չեն Ինտերնետի գոյության մասին, որը թույլ է տալիս ավելի հեշտ լուծել այդ խնդիրը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: