Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկության առկայությունը խոսում է Ադրբեջանի «հաղթանակի» մասին: Ահմեդօղլու լավատեսութունը Բաքվում ոչ բոլորն են կիսում: «Զերկալո» թերթը նրան դիմել է հետեւյալ հարցով. «Դուք ծանո՞թ եք այդ նոր առաջարկներին: Եթե ոչ` ինչպե՞ս եք դատում դրանց բովանդակության մասին»: Հույս հայտնելով, որ համանախագահները եկել են նոր առաջարկներով, հրապարակման հեղինակը միեւնույն ժամանակ անհանգստություն արտահայտում առ այն, որ «նոր տարբերակը կարող է հնի պատճենը լինել»: Նման կասկածների տեղիք է տվել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովի հետեւյալ նախադասությունը. «Նոր առաջարկությունները բխում են նախորդ աշխատանքից»: Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը խուսափեց պատասխանել այն հարցին, թե միջնորդների առաջարկությունը համապատասխանու՞մ է արդյոք պետության տարածքային ամբողջականության սկզբունքին: «Այդ ամենը չի կարող կասկած չհարուցել»,- եզրակացնում է թերթը:
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ օրերս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան Բաքվում եղած ժամանակ հասկացրերեց, որ միջնորդները չեն պատրաստվում հրաժարվել հակամարտության կարգավորման փարիզյան սկզբունքներից: «Ես գտնում եմ, որ Փարիզում եւ Քի-Վեստում զգալի առաջընթաց է ձեռք բերվել եւ մենք մտադիր ենք այն զարգացնել: Այս հարցը կքննարկվի Լիսաբոնում կայանալիք համանախագահների հանդիպման ժամանակ»: Ըստ այդմ անհանգստանալու ոչ մի լուրջ հիմք չկա` փարիզյան սկզբունքները մնում են օրակարգում: Դա հաստատում է նաեւ «Ենի Մուսավաթ» թերթի տեսաբանը, ըստ որի Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների առանցքը հենց փարիզյան սկզբունքներն են:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: