Ապրիլի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես: “Այսօր մենք բացում ենք շատ սպասված մի ցուցահանդես: 600 նկարից մրցութային հանձնաժողովը մեծ դժվարությամբ ընտրել է 250 նկար, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության, մեր ժողովրդի տառապանքների և դրանց հետևած հաղթանակների մասին: Սա վերջին տարիների ամենանշանակալի միջոցառումն է”, – ողջույնի խոսքում ասել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, արվեստագետ Շահեն Խաչատրյանն իր հերթին ասել է. “Վերջերս դարձյալ Հայոց ցեղասպանությանը նվիրված մեկ այլ ցուցահանդես էր բացվել Ազգային պատկերասրահում, սակայն այնտեղ ես կազմակերպչական հարցում մի փոքր շտապողականություն նկատեցի: Երեք փոքր դահլիճներում ներկայացված էին նկարիչների երիտասարդ և ավագ սերնդի նկարիչների գործերը: Սակայն, իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, որ Ազգային պատկերասրահում ցուցադրվեին միայն մեր այն մեծ նկարիչների աշխատանքները, ովքեր վերապրել էին ցեղասպանությունը, իսկ այստեղ ներկայացվեր միայն ավագ և երիտասարդ սերնդի գործերը”:
Ցուցահանդեսի բացմանը հայտարարվեց, որ պետությունը միջոցներ կհատկացնի մի քանի նկարի գնման համար, որոնք կհամալրեն Հայաստանի պատկերասրահի պահոցները: Գնվող նկարների ժամկետների և քանակի մասին դեռևս հայտարարված չէ: Հայտնի է դարձել նաև, որ ստեղծվելու է այդ նկարների կատալոգ, որը հրատարակելու է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի կեսը: