AM
1 November 2001 - 15:33 AMT

ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է ՍՊԵԿՈՒԼՅԱՆՏ

Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը Բաքվում հրատարակվող «Էխո» թերթին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ոչ մի փարիզյան սկզբունք իրականում չկա եւ չի էլ եղել: «Փարիզյան սկզբունքները լոկ շահարկություն են, դրանք պարզապես գոյություն չունեն»,- պնդում է նա: Մամեդովի խոսքերով` Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հիմնախնդրի կարգավորման հարցում ոչ մի համաձայնության չեն եկել: «Եթե ինչ-որ մեկին դա անհրաժեշտ է, ապա նա կարող է դիմել փարիզյան, յալթյան, մոսկովյան, վաշինգտոնյան, ժնեւյան, քիվեսթյան սկզբունքներին, բայց այդ ամենը չունի ոչ մի իրական հիմք»,- ասում է Նովրուզ Մամեդովը: Մինչդեռ ընդամենը 5 օր առաջ Բաքվում գտնվող Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինան հաստատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փարիզյան սկզբունքները գոյություն ունեն: Բաքվի մամուլը շշմեցուցիչ է անվանել Փերինայի այն հայտարարությունը, որ Ֆրանսիայում իրոք ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Համանախագահը նաեւ հասկացրել է, որ միջնորդները մտադիր չեն հրաժարվել փարիզյան սկզբունքներից: Հիշեցնենք, որ Երեւանն ու Ստեփանակերտը, ի տարբերություն Բաքվի, այսօր էլ հաստատում են իրենց պատրաստակամությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը որոնել Փարիզում ընդունված որոշումների հիման վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: