AM
31 October 2001 - 18:54 AMT

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն: Հյուրին դիմավորելու հանդիսավոր արարողության ավարտից հետո Հայաստանի նախագահի նստավայրում սկսվել են երկու նախագահների բանակցությունները: Դրանց ավարտից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Նախատեսվում է մաքսային համաձայնագրի, մշակույթի, կրթության, գիտության ու զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին պայմանագրի եւ ահաբեկության, թմրաբիզնեսի ու անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության ստորագրում: Այսօր Ռումինիայի նախագահը կհանդիպի նաեւ Ազգային Ժողովի ղեկավարության հետ: Երեկոյան Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական ճաշկերույթ կտա Իոն Իլիեսկուի պատվին: Վաղը առավոտյան նախատեսված է այցելություն Էչմիածին, ուր Ռումինիայի նախագահը կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Իոն Իլիեսկուն մտադիր է նաեւ ծաղկեպսակ դնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին: Օրվա երկրորդ կեսին նա կհանդիպի Երեւանի պետական համալսարանի ուսանողական ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ եւ կայցելի Ազգային պատկերասրահը: Այցի ընթացքում ռումինական նախագահին ուղեկցում են մի քանի նախարարներ, խորհրդականներ ու մի խումբ գործարարներ: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, ռումինական նախագահի այցը նախատեսված էր հոկտեմբերի ութին, սակայն Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու պատճառով այն հետաձգվել էր: Դա կապված էր ներկայումս ԵԱՀԿ-ում Ռումինիայի նախագահության հետ, ինչը նրա առաջնորդի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է դնում Եվրոպայի երկրների անվտանգության համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: