AM
23 Ապրիլ 2010 - 11:33 AMT

Էդուարդ Շարմազանով. Հայաստանը հետ չկանչեց Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան

Հայաստանի նախագահի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին մի քանի ազդակ էր պարունակում, որոնք ուղղված էին ինչպես համաշխարհային հանրությանն, այնպես էլ Թուրքիային: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հաստատեց հայկական կողմի դիրքորոշումը` հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, ինչը չես ասի Թուրքիայի մասին: “ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը վերջնականապես դուրս չի գալիս հայ-թուրքական գործընթացից, այլ ուղղակի սառեցնում է այն: Եվ այն փաստը, որ Ս.Սարգսյանի ուղերձը ողջունեցին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, վկայում է այն մասին, որ տերությունները հավանություն են տալիս հայկական կողմի որոշմանը”,-պարզաբանել է նա:

Շարմազանովը շեշտադրել է ՀՀ նախագահի այն արտահայտությունը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչմանն արձանագրությունների միջոցով խոչընդոտելու թուրքական փորձերն անընդունելի են, և նրա կոչն, ուղղված միջազգային հանրությանը` Ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ընդ որում, պատգամավորը հավելել է, որ Հայաստանը սառեցրել է հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիան այս պահին պատրաստ չէ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: “Սակայն, մենք հետ չկանչեցինք Արձանագրությունների տակ դրված մեր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան”,-ասել է նա:

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր հարցը ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցն է: “Հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա: ԼՂՀ-ն չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում: Միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը Շահումյանից և հայկական այլ զավթած տարածքներից, որպեսզի հայ փախստականները կարողանան վերադառնալ այնտե, մենք կկարողանանք քննարկել այլ հարցեր”,-հայտարարել է Շարմազանովը: