Այսօր կայացել է Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը: Ջորջ Բուշն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Հայաստանի կողմից Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին սատարելու հնարավորությունը: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Արի Ֆիշերը: Նրա խոսքերով` երկու նախագահն էլ հաստատել են իրենց պատրաստականությունը աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը եւ ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ճիգերը: Ֆիշերը հայտնել է, որ զրույցի ընթացքում Ջորջ Բուշը ընդգծել է Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման վերանայման կարեւորությունը: Նա նշել է, որ այդ ուղղման վերացումը թույլ կտա Վաշինգտոնին սերտացնել համագործակցությունը Երեւանի ու Բաքվի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: