Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման (այն ԱՄՆ-ին արգելում է անմիջական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին) լրիվ վերացումը,անընդունելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատում, հայտնել է սենատոր Միթչ Մակկոնելլը, որը ուղղման ուժը կասեցնելու իրավունքները երկրի նախագահին հանձնելու նախաձեռնողն է հանդիսանում: Նրա խոսքերով, 907-րդ ուղղումը կենսական կարեւոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի համագործակցությունը Ադրբեջանի հետ չպետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների դադարեցմանը: «Մենք հնարավորություն կունենանք վերադառնալ ղարաբաղյան կարգավորման հարցին մյուս տարի,- ասել է Մակկոնելլը,- եւ ես ցանկանում եմ տեղեկացնել իմ պաշտոնակիցներին եւ վարչակազմին, որ կցանկանայի առաջընթաց տեսնել Հայաստանի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման վերացման հարցում: Ես կոչ եմ անում այդ երկրներին գիտակցել տվյալ քայլերի ողջ կարեւորությունը եւ անհրաժեշտությունը»: Սենատոր Մակկոնելլը ներկայացրեց առանձին ուղղում, համաձայն որի, արտասահմանյան ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Երեւանին կտրամադրվի ամենաքիչը չորս միլիոն դոլար արժողության ռազմական օգնություն: Եվս 600 հազար միլիոն կտրամադրվի հայ սպաների ուսուցման համար: Մակկոնելլիի խոսքերով, ԱՄՆ-ը կարող է աշխատել հայ զինվորականների հետ, ինչը կծառայի անվտանգության հարցերում Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ համագործակցության ընդլայնմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: