Մայիսի 6-10-ը Երևանում և Ստեփանակերտում տեղի կունենա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակն է միջազգային իրադարձությունների եւ Հայաստանի և Արցախի դիմագրաված տարբեր մարտահրավերների ներկա հանգրվանում անդրադառնալ ՀՅԴ Հայ Դատի ռազմավարությանը եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների անելիքներին: Խորհրդաժողովի գլխավոր օրակարգերն են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման ու հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման եւ Արցախի հզորացման խնդիրները:
Խորհրդաժողովին կմասնակցեն Անգլիայի,Արգենտինայի,ԱՄՆ-ի,Արաբական Միաց. Էմիրությունների, Ավստրալիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Իրանի, Լիբանանի, Կանադայի, Հոլանդիայի, Հունաստանի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Քուվեյթի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Երուսաղեմի, Շվեդիայի Հայ Դատի հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացոււցիչներ: Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակը:
Հ.Յ.Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերը այդ անունով գործում են ավելի քան վեց տասնամյակից ի վեր, սակայն նրանց ակունքները ավելի վաղ ժամանակներից են: Առաջին աշխարհամարտի վերջում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմված «Հայաստանի անկախության համար ամերիկյան կոմիտեն», իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո` նաեւ «Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը» եղել են այն կառույցները, որոնց միջոցով ՀՅԴ-ն միջազգային մակարդակով քաղաքական, հարաբերական եւ քարոզչական աշխատանքներ էր տանում հանուն հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախության:






