AM
24 October 2001 - 16:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԹՈՐՔԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Հայաստանի քաղաքական ուժերը անհանգստացած են նրանով, որ Եվրախորհրդարանը որոշում է ընդունել Եվրամիությանը անդամակցելու հետ կապված Թուրքիային ներկայացվող պահանջների ցանկից հանել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը : Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովում հայտնել է Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով` հոկտեմբերի 25-26-ին Եվրախորհրդարանի Քաղաքական կոմիտեն կքննարկի Եվրամիությանը անդամակցության հետ կապված Թուրքիային ներկայացվող պահանջները պարունակող փաստաթուղթ: Մինչ այդ հանվել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին կետը: Ցեղասպանության մասին կետի հանումը բացատրվում էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությանը չխանգարելու ձգտումով: «Հայաստանի խորհրդարանական ուժերը հայտարարում են, որ այդ հանձնաժողովը չի կարող աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Մեր պետությունների միջեւ եղած հիմնախնդիրները կարելի է լուծել միայն պետական մակարդակում»,- ասվում է հայկական խորհրդարանականների հայտարարությունում: Վարդանյանի խոսքերով` ՀՀ ԱԺ-ի ղեկավարությունը, համաձայն խորհրդարանականների պահանջի, պետք է դիմում հղի Եվրախորհրդարան: Ինչպես հայտնի է, Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը,այլ նաեւ հրաժարվում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը, շարունակում է սուբյեկտիվ դիրքորոշում գրավել ղարաբաղյան կարգավորման հարցում եւ բացառում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: