AM
25 October 2001 - 18:09 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ

Երեւան իր այցն է ավարտել ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինան: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Փերինան ասել է, որ «ԱՄՆ-ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Ամերիկյան դիվանագետի խոսքերով` Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների` Քի Վեսթում տեղի ունեցած հանդիպումից հետո բանակցային գործընթացում նախանշվեց որոշակի առաջընթաց, որը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին: Փերինան չի համարում, որ բանակցությունները փակուղի են մտել եւ բավականին լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ռուդոլֆ Փերինան հայտնեց, որ այս շաբաթվա վերջում Պորտուգալիայի մայրաքաղաքում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը: Իսկ նոյեմբերի երեքին համանախագահները կսկսեն հնգօրյա շրջագայությունը հակամարտության կողմ հանդիսացող երեք պետությունների մայրաքաղաքներով: Փերինան ձեռնպահ մնաց այն հարցին պատասխանելուց, թե արդյո՞ք միջնորդները հանդես կգան նոր առաջարկներով, թե օրակարգում կմնա Փարիզոիմ ու Քի Վեսթում քննարկված տարբերակը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: