«Գարդիան» իսպանական թերթի տվյալներով, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան Թուրքիային առաջարկում են գլխավորել ապագա խաղաղարար ուժերը, որոնք թալիբների ռեժիմի անկումից հետո կտեղաբաշխվեն Աֆղանստանում: Թերթը տեղեկացնում է, որ կազմավորումը կգործի ՄԱԿ-ի հովանու տակ եւ կազմված կլինի միայն մուսուլմաններից: Աֆղանստանի ապագա քաղաքական կարգի ձեւավորմանը Թուրքիայի ունեցած դերի քննարկման համար անցած շաբաթվա վերջին Անկարա է այցելել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեկ Սթրոն: Հայտնի է, որ Թուրքիան որոշակի ազդեցություն ունի հակաթալիբյան դաշինքի որոշ գործիչների վրա, մասնավորապես, ազգությամբ ուզբեկ գեներալ Դուստումի վրա: Բացի այդ, ենթադրվում է, որ Անկարան կարող է ազդել Աֆղանստանում բնակվող թուրքալեզու էթնիկ խմբերի առաջնորդների վրա: (Թուրքական լեզուներով խոսում են այդ երկրի բնակչության մոտ քառասուն տոկոսը: Թուրքխոս են ուզբեկներն են, թուրքմենները, ղազախները, կիրգիզները, խազարեացիները:) Իրադարձությունների սկզբից Թուրքիան պնդում է երկրի կառավարմանը Աֆղանստանի ժողովուրդների համամասնական մասնակցությանը: Ըստ որում, պուշտունները, որոնք Աֆղանստանում հանդիսանում են ամենամեծ էթնիկ խումբը, համարում են, որ երկրում իշխելու առաջնային իրավունք ունեն: Արեւմուտքի խնդիրն է Թուրքիայի միջոցով կանխել Աֆղանստանի մասնատումը մի քանի փոքրիկ պետությունների: Մեկնաբանները գտնում են, որ Անկարան` կօգտագործի իր ազդեցության լծակները Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնից դիվանագիտական զիջումներ ստանա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: