AM
23 October 2001 - 13:53 AMT

«ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԼՕՈՒ ԳՌՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔՑԻՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԱՏՎԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ

Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ Ո Ւ Մ

Ս.թ. հոկտեմբերի կեսերին Հայփոստի _________ բաժանմունքում հանրամատչելի վայրում փակցնելու միջոցով «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի կողմից ինձ, որպես բաժանորդի ներկայացվել է _____________ հեռախոսահամարից հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու համար վճարման պահանջ: Ընդ որում, վճարման ներկայացվող գումարն իր մեջ ներառել է նաեւ տեղական հեռախոսակապից օգտվելու ժամանակավճարը (րոպեավճարը):
«Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով»: Նույն օրենքի 16 հոդվածի առաջին մասի համաձայն. «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եւ ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայում»: Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հեռահաղորդակցության բնագավառում լիազորված մարմինը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն է:
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն այսօրվա դրությամբ չի հաստատել բացառիկ ծառայության տեսքով մատուցվող ներքաղաքային հեռախոսակապի րոպեավճարի սակագները, եւ հետեւաբար դրանք չեն հրապարակվել «Գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում», այսինքն դրանք չունեն իրավական ուժ եւ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող կիրառվել:
«Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի ա/ կետի համաձայն հեռահաղորդակցության օպերատորները, տվյալ դեպքում «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն, պարտավոր են պահպանել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Ինձ, որպես հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողի` լիազորված մարմնի կողմից չհաստատած, եւ հետեւաբար ուժ չստացած, րոպեավճարի սակագների ներառմամբ հաշվարկված հաշվի ներկայացմամբ «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն խախտել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 16 եւ 20 հոդվածների պահանջները եւ խախտել իմ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով երաշխավորված քաղաքացիական իրավունքները:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության «Արմենտել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» 25.06.1997թ. թիվ 218 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ» թիվ 60 լիցենզիայի Բ հավելվածով սահմանված սակագներին, ապա դրանք չեն կարող կիրառելի համարվել տվյալ դեպքի համար: Հիշատակված Բ հավելվածում սահմանվել է թվային հեռահաղորդակցության ծառայության ոլորտում տեղական զանգերի մեկ րոպեի համար 8 դրամ «նախնական սակագինը»: Լիցենզիայի 6 բաժնի Բ կետը սահմանում է, որ «նախնական սակագները ուժի մեջ են մնում վերախմբագրման ամսաթվից մեկ տարվա ընթացքում», այսինքն 1998 թվականի մարտի 3-ից սկսած մեկ տարվա ընթացքում: Անկախ նրանից, թե այդ նախնական սակագները նշված մեկ տարվա ընթացքում կիրառվել են, թե ոչ, դրանից հետո նույն ծառայությունների համար կիրառման ենթակա սակագները պետք է հաստատվեին ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16 հոդվածի համաձայն ես օրենքով չարգելված բոլոր եղանակներով իմ քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք ունեմ: Ղեկավարվելով օրենքի այդ դրույթով ես հրաժարվում եմ վճարել «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի` օրենքի խախտմամբ ինձ ներկայացված հաշիվը – դատարանին խնդրում եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի ուժով վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը:
Ղեկավարվելով վերոգրյալով – ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90 հոդվածով, դատարանին խնդրում եմ սույն հայցադիմումն ընդունել վարույթ, քննել սույն քաղաքացիական գործը եւ «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ին պարտավորեցնել`
ետ վերցնել վերոհիշյալ հեռախոսահամարի համար Հայփոստի բաժանմունքում փակցված եւ րոպեավճարի հաշվարկը պարունակող ինձ ներկայացված հաշիվը.
պարտավորեցնել «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ին` մինչեւ լիազորված մարմնի կողմից տեղական խոսակցությունների համար րոպեավճարի սակագնի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատումը եւ ուժի մեջ մտնելը ինձ ներկայացնել ինձ մատուցված հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց գանձվելիք վճարների հաշվարկ` առանց րոպեավճարի հաշվարկման:
Ի նկատի ունենալով իմ ֆինանսական ոչ բարվոք վիճակը (ես չեմ աշխատում, ընտանիքս բազմանդամ է) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածի երրորդ կետի եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի դ/ ենթակետի հիման վրա միջնորդում եմ հետաձգել պետական տուրքի վճարումը` այն գանձելով վճիռ կայացնելիս:
Քանի որ «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի կողմից հնարավոր եմ համարում ներկայացված րոպեավճարը չմուծելու հիմքով իմ հեռախոսակապի անջատումը, դատարանին խնդրում եմ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի առաջին կետի երկրորդ ենթակետի հիման վրա որպես հայցի ապահովման միջոց «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ին արգելել ընդհատել ինձ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը, այսինքն` արգելել իմ հեռախոսակապի անջատումը:
Դատարանին միջնորդում եմ նաեւ սույն քաղաքացիական գործը քննել իմ բացակայությամբ:
Հայցադիմումին կից ներկայացնում եմ Հայփոստի բաժանմունքում փակցված հաշվի լուսապատճենը եւ հայցադիմումի երկրորդ օրինակը:

Հայցվոր`