AM
20 Մայիս 2010 - 08:45 AMT

Երևանում տեղի կունենա «Կովկաս-2009» միջազգային խորհրդաժողովը

Մայիսի 21-22-ին Երևանում տեղի կունենա ամենամյա «Կովկաս-2009» միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպում է Կովկասի ինստիտուտը: Բացմանը հանդես կգա Հայաստանում Եվրահանձնաժողովի գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը:

Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն Միտատ Չելիքպալան Անկարայի էկոնոմիկայի ու տեխնոլոգիաների համալսարանից, Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Երևանից, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան Թբիլիսիի Զարգացման ու համագործակցության կենտրոնից, Մոսկվայի Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտից պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, ՌԴ Քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը, ինչպես նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ի տարբերություն նախորդ տարիների, խորհրդաժողովի աշխատանքին չեն մասնակցի Ադրբեջանի ներկայացուցիչները:

Խորհրդաժողովին կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, հայ-թուրքական հարաբերություններին, Կովկասի չճանաչված պետությունների խնդիրներին և հակամարտությունների լուծման ուղիներին վերաբերող հարցեր: