AM
27 May 2010 - 12:30 AMT

Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքին

Հայաստանի մարզերում նոր ֆիլմեր դիտելու հնարավորության մասին հինգշաբթի օրը խոսեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը նշեց, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզում մեկական կինոթատրոն կկառուցվի: Այդ մասին նա հայտարարեց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Այս տարի փառատոնում հիմնական շեշտը դրվելու է հոբելյանների վրա: Այս տարի նշվում են կինոյի 7 անվանի գործիչների հոբելյանները. Անրի Վեռնոյի 90-ամյակը, Ատոմ Էգոյանի 50-ամյակը, Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը: Հարգանքի տուրք է մատուցվելու նաև մեծ դերասաններ Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին, ռեժիսոր Հենրիկ Մալյանին և օպերատոր Ալբերտ Յավուրյանին: Ըստ այդ հոբելյանների կազմվել է փառատոնի ծրագիրը: Այն բացելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ինչպես խոստանում են փառատոնի կազմակերպիչները, բացմանը ներկա են լինելու ֆիլմի մի քանի դերասաններ, ինչպես նաև ռեժիսորի որդին: Իսկ «Ոսկե ծիրանի» ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանի ծննդյան օրը Երևանում կնշեն մեծ շուքով:

Ինչպես անցյալ տարիներին, հագեցած են լինելու փառատոնի բոլոր ծրագրերը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում ներկայացվելու են Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», «Մեղր» ֆիլմերը: Վերջինը Բեռլինի կինոփառատոնում գլխավոր մրցանակ է ստացել: Այդ ֆիլմը թուրք ռեժիսոր Սեմիխ Կապլանօղլուի «Ձու», «Կաթ», «Մեղր» եռապատման մասն է: «Ձուն» 2009-ին ներկայացվել է «Ոսկե ծիրանի» ժամանակ: Ծրագրին մասնակցելու են նաև Կարեն Շախնազարովի «Հիվանդասենյակ համար 6» աղմուկ հանած ֆիլմը, անվանի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն» ֆիլմը, թուրքական արմատներով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց» ֆիլմը և այլն: «Ոսկե ծիրանի» 7-րդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 11-18-ը:

Հայկական կինոն հաղթարշավ է սկսել միջազգային փառատոներում: Փաստագրական «Արարատից Սիոն» ֆիլմը ստացավ իր առաջին մրցանակը: Մայիսի 17-ին Ուելսի Սուոնսի քաղաքում կայացած կինոփառատունում, որն անցնում է հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսի հովանու ներքո, Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի ու Եգիպտոսի համատեղ ֆիլմը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆիլմ:

2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլիին նկարահանել էր «Հայաստանի սուրբ քարերը» (Pietre Sacre D'Armenia) փաստավավերագրական ֆիլմը (52 րոպեանոց)` Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, ուր խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարապետների հետ: Pietre Sacre D'Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակով և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արքեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին: Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված:

Արդեն մի քանի տարի է` մեծ հաջողությամբ տեղի է ունենում«Իմ թանկագին եղբայր. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը: Այն բացվել է Բրունեյի պատկերասրահում և տևելու է մինչև հունիսի 24-ը: Ցուցահանդեսը կազմակերպել է Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրման դպրոցը (SOAS):

Ցուցահանդեսում ներկայացված են բացիկներ, դրոշմանիշներ և Օռլանդո Կոլումելոյի լուսանկարները, որոնք պատկերում են հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում 1900-1910թթ.: Բացիկները թողարկվել են անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում: Դրանց վրա պատկերված են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հայերին պատկանող գործարաններ, հյուրանոցներ, ռեստորաններ Կոստանդնուպոլսից մինչև փոքր թուրքական գյուղեր:

Երևանում ևս տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը, որոնք անցյալ տարի ժամանակավորապես հեռացվել էին հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության ժամանակ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին մասնակցել է արցախցի ականավոր երաժիշտ Գենադի Բարխուդարովի հուշարձանի բացման հանդիսավոր միջոցառմանը: Գենադի Բարխուդարովը եղել է Ստեփանակերտում առաջին ջազ-նվագախմբի հիմնադիրներից մեկը:

Այսպիսով, անցյալ շաբաթվա մշակութային իրադարձությունները դարձան ֆիլմերը, քանի որ Հայաստանի ամենավառ մշակութային իրադարձություններից մեկը` «Ոսկե ծիրանը», սարերի հետևում չէ:

Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքին