AM
12 October 2001 - 17:27 AMT

ՍԵՆԱՏՈՐ ԲՐԱՈՒՆԲԵՔԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼԻԱԶՈՐԵԼ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՆԵԼ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԸ

Ամերիկյան սենատոր Սեմ Բրաունբեքը Սենատ է ներկայացրել Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու հնարավորություն նախատեսող օրենքի նախագիծ: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի շրջափակումը: Ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն` Բրաունբեքի առաջարկած նախագիծը լիազորում է ԱՄՆ-ի նախագահին ժամանակավորապես կասեցնել 907-րդ ուղղման ուժը, եթե այդ միջոցը անհրաժեշտ լինի ազգային անվտանգությունը ապահովելու համար: Ելույթ ունենալով Սենատում` նա ասաց, որ «1992 թվականին մտցված Ադրբեջանի դեմ պատժամիջոցները լիովին վերացնելու համար Կոնգրեսի վրա ճնշում գործադրելը իրական չէ»: Այդ պատճառով, նրա կարծիքով, առավել ընդունելի է հենց ուղղման ուժի ժամանակավոր կասեցումը այն դեպքում, եթե դա պահանջեն ԱՄՆ-ի ազգային շահերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: