AM
31 Մայիս 2010 - 12:54 AMT

ՀՀ խորհրդարանը կքննարկի Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հիմնախնդիրը

«Ես չեմ կարող խոսել արմատական ընդդիմության փոխարեն այսօր Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին, բայց ինչ վերաբերում է իշխող կոալիցիային, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան»կուսակցությանը, ապա մենք լարված քաղաքական գործունեությամբ ենք զբաղված», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ըստ բանախոսի, «Բարգավաճ Հայաստանը» մոտ ապագայում ծրագրել է մի շարք միջոցառումներ անցկացնել, մասնավորապես` դրանցից մեկը ՀՀԿ-ի հետ համատեղ ներկայացվելու է հասարակությանը: Սակայն Սաֆարյանը հրաժարվել է կանխավ պատմել, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերի օրենսդրական գործունեությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն մի քանի կարևոր օրինագծեր: Նա ավելացրել է նաև, որ քաղաքական բանավեճերի առարկան ՀՀ կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծն է, ըստ որի նախատեսվում է հանրապետությունում վերականգնել օտարալեզու դպրոցները:

«Կարծում եմ, այդ հարցը կքննարկվի կոալիցիոն ուժերի խմբակցություններում, իսկ մենք հունիսի 7-ի նախօրեին մեր դիրքորոշումը կարտահայտենք», – նշել է Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի նախընտրական փուլին, Սաֆարյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստանը» նախընտրական քարոզչությամբ չի զբաղվում և չի գտնում, որ հնարավոր է արտահերթ ընտրությունների անցկացումը: