AM
12 October 2001 - 15:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 14-ից մինչեւ 17-ը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում կանցնեն Ռուսաստանի հայերի օրեր: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Ռուսաստանի Հայերի միության մամուլի քարտուղար Գայանե Աբրահամյանը: Հոկտեմբերի 14-ին Մոսկվայից, Նովոսիբիրսկից ու Կրասնոդարից Հայաստան կժամանի մոտ հազար հյուր: Բացի Ռուսաստանի հայերի միության ակտիվիստներից Երեվան ու Ստեփանակերտ կայցելեն Ռուսաստանի Դաշնության հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ: Նրանց թվում են քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովը, դերասան Դմիտրի Խարատյանը, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը, կինոռեժիսորներ Արմեն Մեդվեդեվը, Տիգրան ու Դավիթ Քեոսայանները: Բացի այդ, պատվիրակության կազմում են պետական գործիչներ Պավել Բորոդինը, Գեորգի Բոոսը, Վիտալի Իգնատենկոն: Կժամանեն նաեւ Ռուսաստանի մշակույթի նախարար Միխաիլ Շվիդկոյը, գլխավոր դատախազի տեղակալ Վասիլի Կալմագորովը եւ արդարադատության նախարարի տեղակալ Եվգենի Սիդորենկոն: Պատվիրակության կազմում են ռուսական գրողներ Կիմ Բակշին, Անդրեյ ու Գալինա Նույկինները, Վալենտին Օսկոցկին, Յուրի Չերնիչենկոն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: