AM
7 June 2003 - 14:42 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ` ԾԱԳՈՒՄՈՎ ՈՉ ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ «ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ՀԱՆԵԼ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Մոտ օրերս Վրաստանի խորհրդարանը կշարունակի քննարկել «Անձնագրերի եւ ծննդյան վկայականների մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդել է «Ա-ինֆո» գործակալությունը, հավանաբար, այս քննարկման ժամանակ փոփոխության կենթարկվեն այդ փաստաթղթի որոշ խնդրահարույց կետեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքացու ծննդյան վկայականում ազգության դիմաց կատարվող նշումին: Ներկայիս նախագիծը ենթադրում է նշման միայն մեկ տարբերակ` «վրացի»: Աղբյուրի համաձայն, այս դրույթների փոփոխման հավանականությունը բացատրվում է նրանով, որ առաջիկա քննարկումներին իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն ազգությամբ հայ եւ ադրբեջանցի պատգամավորները, որոնք բացակայել են խորհրդարանի նախկին նիստերից: