AM
9 October 2001 - 14:24 AMT

«ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»,- հաստատում է ԼՂՀ նախագահը

Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է Ղարաբաղում գտնվող ադրբեջանական լրագրողների խմբին: Խոսելով ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքների Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին, հանրապետության ղեկավարը ընդգծեց, որ այդ հարցը պետք է քննարկման առարկա դառնա պաշտոնական Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցությունների ընթացքում: Մեկնաբանելով փախստականների խնդիրը, Ղուկասյանը հայտնեց, որ նրանց վերադարձը պետք է կատարվի կամավոր հիմունքներով: Նա ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ նրանց անվտանգության համար, որը հնարավոր է միայն հակամարտության կարգավորումից հետո: ԼՂՀ նախագահի խոսքերով, տարածաշրջանում խաղաղության միակ գրավական կարող է հանդիսանալ հակամարտող կողմերի խաղաղության պայմանագրի կնքումը: Նախագահը հատկապես նշեց, որ պատերազմը չի լուծի գոյություն ունեցող խնդիրները: Ղուկասյանը հիշեցրեց ԼՂՀ դիրքորոշումը, ըստ որի հակամարտությունը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Ղարաբաղյան առաջնորդը գտնում է, որ օգտակար կլինի ոչ ստանդարտ ֆորմատով բանակցությունների անցկացումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: