Ամերիկյան օրենսդիրները հայտնել են, որ ժամանակն է փոխելու հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հանդիսանում է Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը ահաբեկության դեմ գլոբալ պատերազմում, եւ առաջարկել են ներել Անկարայի «ռազմական» պարտքը, որը կազմում է 5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիէյթիդ Պրես»-ի տրամադրած տեղեկատվությունը: Շուրջ 20 տարի առաջ Միացյալ Նահանգները Թուրքիային վարկ են տրամադրել զենք ու սարքավորումներ գնելու համար: Եթե այդ որոշումը հաստատվի, ապա դա կլինի ԱՄՆ-ի կոնգրեսի զգալի զիջումը Թուրքիային, որը այժմ գտնվում է դժվար ֆինանսական վիճակում: Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքն ու օդանավակայանները ԱՄՆ-ի տրամադրության տակ են, եւ որ Վաշինգտոնին կտրամադրվի ցանկացած տեղեկատվություն Աֆղանստանի վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: