Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը որոշում է կայացրել 2003 թվականին սպասվող նախագահական ընտրություններին պաշտպանել հանրապետության ներկա ղեկավար Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Դրա մասին հայտնել է ՀՌԱԿ-ի առաջնորդ Ռուբեն Միրզախանյանը` ելույթ ունենալով կուսակցության ակտիվի նիստում: Ռամկավար-ազատական կուսակցությունը դարձավ առաջին քաղաքական կազմակերպությունը, որն արձագանքեց Քոչարյանի` իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու մասին հայտարարությանը: Միրզախանյանը իր ելույթում ընդգծեց, որ վերին աստիճանի վտանգավոր է համարում Ժողովրդական կուսակցության, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը խմբավորված նախկին վարչակարգի ներկայացուցիչների հետ ստեղծած ծայրահեղ ընդդիմական դաշինքի առաջնորդների մերձեցման միտումները: Միրզախանյանը հայտնել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նախկին ղեկավարների իշխանությանը վերադառնալը, քանի որ «հենց նրանք են մեղավոր երկրի սննկացման մեջ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: