Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու շատ շուտով, քանի որ դրա համար բոլոր հիմքերը կան: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` չնշելով հնարավոր իշխանափոխության կոնկրետ ժամկետը: Ըստ նրա, Հայաստանում ցանկացած գործընթաց կարող է հանգեցնել իշխանափոխության, քանի որ երկրում չկա վստահություն իշխանության հանդեպ և գոյություն ունի շատ ծանր սոցիալական իրավիճակ: «Արտահերթ ընտրություններին տանող գործընթացները կարող են լինել և դրսից, և ներսից: Առաջին դեպքում, պատճառ կարող են հանդիսանալ իշխանությունների արտաքին քաղաքական ձախողումները, որին ես կողմնակից չեմ, երկրորդ դեպքում` վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակը»,-ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:






