ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ-ի Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը ընտրվել է Վրաստանի` Եվրախորհրդին անդամակցելիս իր վրա վերցված պարտավորությունների կատարումը վերլուծող հանձնաժողովի կազմի մեջ: Ելույթ ունենալով Վրաստանի կողմից պարտավորությունների կատարմանը նվիրված Խորհրդարանական Վեհաժողովի նիստին` Ռուստամյանը հայտնեց, որ մոնիտորինգի անցկացման ժամանակ անհրաժեշտ է դիտարկել ազգային փոքրամասնությունների դրությունը երկրում: Նա հատուկ անրադարձավ Ջավախքում բնակվող հայերի վիճակին եւ նրանց իրավունքների պաշտպանման անհրաժեշտությանը: Հիշեցնենք, որ մինչեւ ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանի սկիզբը հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ Վեհաժողովում Վրաստանը ներկայացնող պատգամավորները երբեմն իրենց բավականին ոչ բարյացակամ են պահում Հայաստանի նկատմամբ: Դա, մասնավորապես, արտահայտվում է այն նախաձեռնությունների քննարկման ժամանակ, որոնցով հանդես են գալիս ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրա խոսքերով` նման վարքագիծը կարող է անդրադառնալ հայկական ներկայացուցիչների դիրքորոշման վրա` Վրաստանի` Եվրախորհրդին անդամակցելիս իր վրա վերցված պարտավորությունների կատարման հարցը քննարկելիս: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ « թեեւ մենք մի քանի հարց ունենք տալու վրացիներին, մենք, ի նկատի ունենալով այն, որ նրանք մեր հարեւաններն են, Վրաստանի նկատմամբ կցուցաբերենք բարեկամական մոտեցում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: