AM
15 July 2010 - 08:26 AMT

Քշիշտոֆ Զանուսի. Ես որոշակի կապ եմ զգում հայկական մշակույթի հետ

«Շատ ուրախ եմ հերթական անգամ Երևանում գտնվելու համար: Ես որոշակի կապ եմ զգում հայկական մշակույթի հետ»,- ասել է լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Լեհաստանում միշտ մեծ հայկական համայնք է եղել, և մինչև հիմա յուրաքանչյուր լեհ երազում է ամուսնանալ հայուհու հետ, որպեսզի նրանց երեխաները գեղեցիկ աչքեր ունենան:

Գնահատելով «Ոսկե ծիրան» փառատոնը` Զանուսին նշեց, որ այլ առանձնանում է կինոյի և փառատոնի նկատմամբ հանդիսատեսի մեծ հետաքրքրությամբ, ինչի մասին վկայում են լեփ-լեցուն դահլիճները: «Ես տեսնում եմ փառատոնի նշանակությունը քաղաքի և երկրի համար: Վերջերս ես ներկա էի մեկ այլ փառատոնի. այնտեղ ինձ փայլուն ընդունելություն ցույց տվեցին, սակայն, հանդիսատեսի հետաքրքրությունը կինոյի նկատմամբ բացակայում էր»,- ասել է Զանուսին:

Խոսելով Երևանի մասին` նա նշեց, որ չի կարող Երևանը համարել իր տեսած քաղաքներից ամենագեղեցիկը, սակայն դա այն հազվադեպ քաղաքներից է, որին չի փչացրել ստալինյան ռեժիմը: