«Ոսկե ծիրան» փառատոնում շատ լավ մթնոլորտ է տիրում, ինչը պակաս կարևոր չէ: Այստեղ կարելի է ծանոթանալ շատ հետաքրքիր մարդկանց հետ և ես վերջապես ժամանակ ունեմ ֆիլմեր դիտելու», – Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Նրա «Իմ երջանկությունը» ֆիլմը ներկայացված է խաղարկային ֆիլմերի փառատոնային ծրագրում: Լոզնիցայի խոսքերի համաձայն, փառատոնի շրջանակներում նա արդեն հասցրել է դիտել չորս ֆիլմ: Նրան հատկապես դուր է եկել Քշիշտոֆ Զանուսիայի «Փոխայց» ֆիլմը:
Խոսելով վավերագրական և խաղարկային ֆիլմերի միջև եղած տարբերության մասին, ռեժիսորը նշել է, որ վավերագրական ֆիլմը զանազանվում է անկախատեսելիությամբ: Պատասխանելով ռուսական ֆիլմերի նոր ալիքի մասին հարցին` ռեժիսորն ասել է, որ դեռևս այդպիսի նոր ալիք չկա: Նա մատնանշել է մի քանի հետաքրքիր ֆիլմեր, որոնցում, սակայն, «կան դեռևս աշակերտական սխալներ»:
Ավելի ուշ PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ Սերգեյ Լոզնիցան ասել է, որ ֆիլմերի թեմաներն ընտրում է ներըմբռնմամբ: «Իմ մեջ նախ` մտահղանում է ֆիլմի գաղափարը, որից հետո ես փնտրում եմ այն իրականացնելու վայրը»: Նա նաև նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն ոչ վերջին անգամ: