AM
23 Հուլիս 2010 - 12:07 AMT

ՀՀ ԱԳ փոխնախարար. Ադրբեջանի նախագահը տվել է իր համաձայնությունն` առաջ գնալ Սանկտ Պետերբուրգում ներկայացված փաստաթղթի հիման վրա

Ադրբեջանի նախագահը, եռակողմ հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում տվել է համաձայնությունը այդ փաստաթղթի հիման վրա առաջ գնալ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները: «Պնդում կա, թե դա իբր եռանախագահող երկրներից միայն մեկի առաջարկն է: Եռանախագահները այցելել են տարածաշրջան, եւ իրենք քննարկել են առաջընթացը` հիմնված հենց իրենց կողմից աջակցվող այս` սանկտպետերբուրգյան փաստաթղթի վրա»,-ասել է նա:

Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը, Ալմաթիի երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունն ուղղակի հղում է կատարում այդ փաստաթղթին, ինչպես նաեւ համանախագահների հրապարակային հայտարարությանը: «Այդ տեսակետից Ադրբեջանը միշտ նույն վարքագիծն է ցուցաբերում. այն, ինչ ձեռնտու չէ, չի տեսնում: Արդյունքն այն է, որ նրանք դադարել են տեսնել այն, ինչ բոլորի համար ակնհայտ է: Այդպես փակ աչքերով ուր է հասնելու Ադրբեջանը` դա իր խնդիրն է»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ «Սանկտ Պետերբուրգոմ կողմերին ներկայացվել են աշխատանքային առաջարկություններ, սակայն, այդ աշխատանքային առաջարկները նախապատրաստել էր միայն մեկ կողմը, ուստի չէր պահպանվել ՄԽ ձևաչափը: Առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում, ըստ էության փոխում են բանակցային գործընթացի ողջ փիլիսոփայությունը»: