AM
23 July 2010 - 12:46 AMT

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով անպտղությունը Հայաստանում հասնում է 20 տոկոսի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով անպտղությունը Հայաստանում հասնում է 20 տոկոսի: Այդ ցուցանիշը անպտղությունը անձնական խնդրից դարձնում է սոցիալական, իսկ առողջապահության նախարարությունը չի ցանկանում պայքարել դրա դեմ»,-հուլիսի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Սանտե» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-էնդոկրենոլոգ Լիլիթ Կուջոյանը:

Ըստ նրա, Հայաստանում ոչ մի լուրջ հետազոտություն չի տարվում անպտղության ոլորտում, այն դեպքում երբ դրա տոկոսն անընդհատ աճում է: «Անձամբ ես չեմ տեսել առողջապահության նախարարության գեթ մեկ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի անպտղությամբ տառապող մարդկանց հստակ թիվը»:

Բժիշկները պնդում են, որ եթե անպտղության խնդրին ժամանակին ուշադրություն չդարձնել, այն կարող է վերաճել լուրջ պետական խնդրի:

«Հայաստանում յոդի պակաս կա, ինչը կարող է հանգեցնել անպտղության, սակայն դա չէ հիվանդության հիմնական պատճառը: Անպտղությունը տարածված է նաև տղամարդկանց շրջանում»,-ասել է Քաղաքային սեքսապաթոլոգիայի վերականգնողական կենտրոնի գինեկոլոգ, մանկաբարձ Նունե Սարյանը:

Նա նշել է, որ անպտղության հիմնական պատճառներն են հորմոնալ խախտումները, որոնք կարող են առաջանալ արդեն մանկության տարիներին: Ուստի, նա կոչ է արել ծնողներին զգոն լինել իրենց երեխաների առողջության հարցերում: