Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Մաշինյանը ժամանել է ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ի կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ քիչ առաջ ցրեցին Թեղուտի անտառի հատման դեմ հանրահավաքի մասնակիցներին: Իրավապաշտպանն ունկնդրել է ինչպես ակտիվիստների, այնպես էլ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչների դիրքորոշումը: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` նա նշել է, որ օմբուդսմենը, որին ինքը կներկայացնի բոլոր տեսակետները, անձամբ կորոշի` հանդես գալ հայտարարությամբ, թե ոչ:
Թեղուտի անտառահատման դեմ շարժման ակտիվիստները շրջափակել էին բանկի մուտքը և հանդիպում էին պահանջում բանկի ղեկավարության հետ: Նրանք մեղադրում են ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ին «Հայկական պղինձ» նախագծի ֆինանսավորման համար, որի նպատակն է Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակումը: Ոստիկանությունը որոշ ժամանակ փորձում էր համոզել ակտիվիստներին թույլ տալ հաճախորդներին մտնել բանկ: Սակայն, ցուցարարները շարունակում էին հանդիպում պահանջել բանկի ղեկավարության հետ: