2010 թ. օգոստոսի 4-ին Գյումրիում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության և «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնողական խմբի նախաձեռնությամբ և զանազան հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ՀՀ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերի շուրջ քննարկում: Հանդիպման ավարտին մասնակիցները բաց նամակ հրապարակեցին ի պատասխան «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակին` հասցեագրված Հայաստանի Հանրային խորհրդին:
Նամակում ՀԿ ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել այն առիթով, որ բարձրակարգ օտարալեզու դպրոցը բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա դեռ կայացման ընթացքում գտնվող հայալեզու միջնակարգ կրթական համակարգի համար:
Գյումրի քաղաքի հասարակական սեկտորի ներկայացուցիչները հանդես են եկել Կառավարության «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերի դեմ և Կառավարությանն ու Ազգային Ժողովին դիմել դրանք հետ կանչելու պահանջով: «Դրա փոխարեն անհրաժեշտ ենք համարում մասնագետների և հանրության լայն մասնակցությամբ հայալեզու հանրակրթության խնդիրների շուրջ ծավալուն քննարկումներ սկսել»,- ընդգծվում է նամակում: