AM
6 August 2010 - 16:36 AMT

Օգոստոսի 6-ին ՀԱՊ-ում մեկնարկեցին հայ գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Օգոստոսի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեցին հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախ կայացավ Կալենցի կտավները և կենսագրությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը, ապա բացվեց նկարչի ցուցահանդեսը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքերով, այս հրաշալի վարպետը նոր շունչ է հաղորդել 1950-60-ական թվականների հայ գեղանկարչությանը: Գեղանկարչի որդին` «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ Սարո Կալենցը նկատեց, որ այս գրքին սպասել են 70 տարի, և վերջապես, մշակույթի նախարարության օժանդակութամբ, այն հրատարակվեց:

Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կալենցն իրոք մեծ նկարիչ է, և այս ցուցահանդեսի մարդաշատությունը արտահայտում է ժողովրդի, հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ: «Չկա մի մասնագետ, նկարիչ, մի հայազգի, որ չհարգի, չհավանի Հարություն Կալենցի նկարները, որովհետև նա մեծություն է մեզ համար, մեր ժողովրդի համար»,- նշել է նա` ավելացնելով, որ պետությունը պարտավոր է անել ամեն ինչ` Կալենցի ընտանիքին օգնելու համար, որպեսզի գեղանկարչի արվեստն ամբողջությամբ ներկայացվի հասարակությանը:

Այս տարի Հարություն Կալենցի լիբանանյան շրջանը ներկայացնող գործերով ցուցահանդես է նախատեսվում կազմակերպել նաև Բեյրութում, որտեղ նա ապրել և ստեղծագործել է 19 տարի, մինչև Հայաստան ներգաղթելը: