ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Վայոց Ձորի մարզ: Մարզպետարանի ակտիվի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մարզպետարանի ընթացիկ գործունեությունը, մարզում առկա առաջնահերթ խնդիրները, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը:
Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը: Այնուհետեւ փոխվարչապետը մարզպետի ուղեկցությամբ այցելեց Վայք քաղաքի Պասկեւիչի կամուրջի հարակից տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագիր: Ծրագիրն ուղղված է լինելու Վայքում զբոսաշրջության զարգացմանը, տեղի բնակչության զբաղվածության ապահովմանը, ինչպես նաեւ նպաստելու է գյուղատնտեսական տեղական արտադրանքի իրացմանը: Ծրագրի հեղինակները փոխվարչապետին տեղեկացրին, որ համալիրի տարածքի ընտրության հարցում հաշվի են առել քաղաքին մոտ լինելու, գյուղացիական տնտեսությունների ապրանքների վաճառքի համար բարենպաստ պայմանների առկայության, տեղի բնակչությանը սպասարկման աշխատանքներում հնարավորինս ներգրավելու հանգամանքները: Նախատեսված է համալիրը կառուցել էկոլոգիապես մաքուր նյութերով, իսկ շահագործումն ապահովել արեւային էներգիայով: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որից հետո մրցութային կարգով կընտրվի ծրագիրը իրականացնող կազմակերպությունը:
Փոխվարչապետը այցելեց նաեւ Վայքի քաղաքապետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետի եւ քաղաքապետի հետ քննարկեց Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագրի հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց քաղաքում մարզադաշտի եւ մշակույթի պալատի վերանորոգմանը, որոշ թաղամասերի ջրամատակարարման բարելավմանը վերաբերող հարցերի: